Շաբաթ, 27 Յունիս 2015 - Եդուարդ Նալպանտեանին ցաւակցական հեռագիրը Ներսէս Պետրոս Տասնիններորդի մահուան առթիւ

 

 

 

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոս Տասնիններորդի վախճանի տխուր լուրը խոր ցաւով է համակել մեր բոլորի սրտերը։ Յանձինս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց պատկառելի հոգեւոր առաջնորդի, հայրենանուէր ազգային գործիչի եւ խոհեմ մտաւորականի։ Լինելով Քրիստոսի հաւատի եւ ազգային վեհ գաղափարների նուիրեալ՝ երջանկայիշատակ Կաթողիկոս Պատրիարքն իր ողջ կեանքի ընթացքում անմնացորդ ծառայեց եկեղեցու եւ հարազատ ժողովրդի բարօրութեանը։ Նշանակալից են նրա անձնական ջանքերը Սփիւռքում հայ հոգեւոր եւ ազգային արժեհամակարգի պահպանման, ինչպէս նաեւ այն միջազգային հանրութեանը հասուն դարձնելու գործով։ Դեռեւս բոլորովին թարմ են յիշողութիւնները Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրերին նրա ծաւալած նպատակասլաց գործունէութեան մասին։

Դիւանագիտական աշխատանքիս բերումով բարեբախտութիւն եմ ունեցել Ներսէս Պետրոս Պատրիարքին մօտիկից ծանօթանալու աւելի քան քառորդ դար առաջ, երբ նա դեռեւս Եգիպտոսի Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդն էր։ Այն օրերից սկզբնաւորուած մեր անկեղծ բարեկամութիւնն ամրապնդուել է համազգային խնդիրների շուրջ սերտ եւ շարունակական համագործակցութեամբ։ Եգիպտոսում, Լիբանանում, Վատիկանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում եւ այլուր մեր բազմաթիւ շփումների ու զրոյցների ընթացքում ամէն անգամ նորից ու նորից ինձ համար բացայայտուել են այդ բացառիկ անձնաւորութեան բնատուր շնորհները՝ անկրկնելի ազնուաբարոյ ու հեզ խառնուածքը, խորաթափանց միտքն ու անսահման մարդասիրութիւնը։ Դժուար է այժմ համակերպուել այն մտքի հետ, որ նա այլեւս մեզ հետ չէ։

Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ Թարմունիի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կը մնան հայ ժողովրդի յիշողութեան մէջ։

 


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ