Երկուշաբթի, 8 Հոկտեմբեր 2012 - Հայաստանի սփիւռքի նախարարի շնորհաւորական խօսքը Սփիւռքի Հայկական դպրոցներու ուսուցիչներուն


Երեւան

Ջերմորեն շնորհավորում եմ սփյուռքի մեր հայկական կրթօջախների բոլոր մանկավարժներին` հայ ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ:
Այս օրերին Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշում են Ուսուցչի օրը, և ես ուզում եմ շնորհակալական խոսք ասել ձեզ, սփյուռքի հայկական դպրոցների սիրելի՛ ուսուցիչներ և տնօրեններ:

Ձեզ, որ այդքան սեր, ջերմություն եք ներդնում` ստեղծելով հայ շունչն ու ոգին սերմանող դպրոցներ, որպեսզի կարողանաք օտար երկրում հայ երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն և հայոց պատմությունը՝ դպրոցը դարձնելով հայ երեխայի փոքրիկ հայրենիքը: Շնորհիվ հայ դպրոցի է հիմնականում հայը հայ մնացել հայրենիքից դուրս, իր հոգում և սրտում վառ պահել Մայր հայրենիքի նկատմամբ սերն ու համակրանքը: Հայկական դպրոցներում հայոց լեզվի, մշակույթի ու պատմության դասընթացների կազմակերպումը ձեր բոլորի համատեղ նվիրական աշխատանքի, հայրենասիրական, հայապահպանական արդյունավետ գործունեության արդյունքն է: Ձեր նվիրական գործի արդյունքն է  այն, որ հայ երեխան սեփական անձի մեջ տեսնում է պատկանելությունն իր ազգին: Ձեր ջանքերի, ինքնազոհողության առհավատչյան է այն, որ հաղորդվում և սերնդեսերունդ փոխանցվում են հային բնորոշ ազգային հպարտության զգացումը, գեղեցիկը, բարին ու արդարությունը խորությամբ ընկալելու, ազնիվ ու արժանավայել գործերով ինքնություն հաստատելու հատկանիշները, վերջապես՝ հայի որակները:

Օտար երկրներում դպրոցների՝ որպես ազգաշեն կառույցների գործունեությունը հպարտության զգացում է առաջացնում մեզանից յուրաքանչյուրի մոտ, հույս պարգևում, հավատ ներշնչում: Ձեր՝ հայ մանկավարժներիդ, նվիրական հայրենասիրական գործունեությունն, անշուշտ, նպաստում է հայ երեխաների ազգային ինքնության գիտակցության բարձրացմանը, նրանց հոգիներում հայկականություն սերմանմանը:

Հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի հարգարժան պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը և ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել եք օտար հողում հայապահպան մեծ ծրագրեր, «Հայ դպրոց» ծրագիրն իրողություն դարձնել: Հիրավի, երիցս բարդ է Հայրենիքից հեռու հայեցի կրթության և դաստիարակության մեծագույն առաքելությունն իրականացնելու Ձեզ վստահված գործը: Ձեր` հայ մանկան հայեցի լեզվամտածողության ձևավորման նպատակամետ գործունեությունն անվերապահորեն և ամենամեծ դրվատանքների է արժանի: Փառք ու պատիվ ձեզ, ձեր մարդակերտումի և հայակերտումի  մեծ գործին:

Սփյուռքի մեր սիրելի՛ ուսուցիչներ,

Հայաստանի Հանրապետությունը հայրենիքն ու պատվարն է համայն հայության, համոզվա՛ծ եղեք՝ հայրենի իշխանություններն անում են հնարավորը`  սփյուռքի հայ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: Այսօր առավել ևս անհրաժեշտ է Ձեր կամքը, տոկունությունը, երբեք չխաթարվող հավատը վաղվա օրվա հանդեպ, քանզի ձեզնով, ու ձեր կրթած ու դաստիարակած աշակերտներով է հյուսվում հայի ու Հայաստանի ապագան:

Հայաստանի զորությունը Սփյուռքի զորությունն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփյուռքով:

Բարին ընդ Ձեզ, սիրելի ուսուցիչներ:


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ